Ռուսական պետության մեջ ընդգրկված ազգերի ու ազգությունների, անգամ փոքր թվակազմ ունեցող էթնիկ ցեղերի ու ցեղախմբերի լեզուն, մշակույթն ու ինքնությունը դարերի կտրվածքով պահպանվել և պահպանվում է։
Ես բավականաչափ երկար եմ մտորել ռուսական անծայրածիր պետության գոյության ֆենոմենի շուրջ և եկել եմ այն համոզման, որ աշխարհի թատերաբեմում Ռուսական կայսրության հայտնվելու իրողության մեջ աստվածային հանձնառության նմանվող առաքելություն կա. քանի որ անժխտելի է, որ նա իր կազմի մեջ մտած բոլոր ժողովուրդների գոյության հարցում, անկախ ամեն ինչից, ասես միաժամանակ նաև նրանց տեսակի լինելիության պահապան հրեշտակի դերակատարությունն է ակամայից ստանձնել։
Խոսքն իմ չեմ ուզում կոպիտ պիտակավորմամբ եզրափակել, այլ մի քիչ մեղմ երանգավորումով պարզապես այս կերպ կավարտեմ. ով վերոնշյալ պատմական իրականությունը չի տեսնում կամ չնկատելու է տալիս՝ նա ընդհանրապես ճշմարտությունն արդարամտորեն ընկալելու կենդանական «անկարողունակությամբ» է տառապում։
Իմ այս խորհրդածությունը, երբ արձանագրել էի, հետաքրքիր զուգադիպությամբ հանդիպեցի մի ֆինլանդացի բլոգերի գրառած՝ աշխարհի ժողովուրդների ճակատագրերում ունեցած Ռուսաստանի «ագրեսիայի» շշմեցուցիչ հետևանքներին:
Ստորև ներկայացնում եմ այդ բլոգերի կողմից արձանագրված պատմական արդյունքները: Մի քիչ երկար է, բայց անչափ հետաքրքիր է.
«Դուք հարցնում եք Ռուսաստանի «ագրեսիայի» արդյունքների մասի՞ն։ Դրանք հետևյալն են. Եվրոպայի կեսը և Ասիայի մի մասը իրենց ինքնիշխանությունը ստացան այս պետության ձեռքից։
Հիշենք, թե որ պետություններն են դրանք.
– Ֆինլանդիան՝ 1802 և 1918 թվականներին։ (Մինչև 1802 թվականը այն երբեք չի ունեցել իր սեփական պետությունը)։
– Լատվիան՝ 1918 թվականին։ (Մինչև 1918 թվականը այն երբեք չի ունեցել իր սեփական պետությունը)։
– Էստոնիան՝ 1918 թվականին։ (Մինչև 1918 թվականը այն երբեք չի ունեցել իր սեփական պետությունը)։
– Լիտվան 1918 թվականին վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ նույնպես Ռուսաստանի շնորհիվ։
– Լեհաստանը երկու անգամ՝ 1918 և 1944 թվականներին, վերականգնեց իր պետությունը Ռուսաստանի օգնությամբ։ Լեհաստանի բաժանումը ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի միջև կարճատև էր։
– Ռումինիան՝ ծնվել է ռուս-թուրքական պատերազմների արդյունքում և ինքնիշխան է դարձել Ռուսաստանի կամքի համաձայն՝ 1877-1878 թվականներին։
– Մոլդովան՝ Խորհրդային Միության կազմում ծնվեց որպես պետություն։
– Բուլղարիան 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի արդյունքում ազատագրվեց Օսմանյան կայսրության լծից և վերականգնեց իր անկախությունը: Որպես շնորհակալություն, բուլղարական պետությունը մասնակցեց երկու համաշխարհային պատերազմների՝ որպես հակառուսական կոալիցիաների մաս։ Բուլղարիան ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա տարածքում կան ամերիկյան բազաներ։ Արձանագրենք նաև, որ 1945 թվականից հետո նրա տարածքում ոչ մի ռուս զինվոր չկար...
– Ադրբեջանը՝ որպես պետություն առաջին անգամ ֆորմալացվեց միայն Խորհրդային Միության կազմում։
– Հայաստանը՝ ֆիզիկապես գոյատևել է ու որպես պետություն վերածնվել միայն Խորհրդային Միության հովանու ներքո։
– Վրաստանը՝ ֆիզիկապես գոյատևել է ու վերածնվել որպես պետություն միայն Ռուսական կայսրության շնորհիվ։
– Թուրքմենստանը՝ երբեք չի ունեցել ինքնիշխանություն և այն որպես պետություն ձևավորել է միայն Խորհրդային Միության կազմում։
– Ղրղզստանը՝ երբեք չի ունեցել ինքնիշխանություն և այն որպես պետություն ձևավորել է միայն Խորհրդային Միության կազմում։
– Ղազախստանը երբեք չի ունեցել ինքնիշխանություն և այն ձևավորել է որպես պետություն միայն Խորհրդային Միության կազմում։
– Ուկրաինան, որը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առաջին անգամ ձևավորվեց որպես պետություն՝ դառնալով Խորհրդային Միության մաս: Իսկ 1991 թվականին (նույնպես Ռուսաստանի միջնորդավորվածությամբ) նրանք հասան լիակատար անկախության։
Արժե հիշել Ռուսաստանի գլխավորությամբ ԽՍՀՄ-ի դերը նաև այնպիսի պետությունների ծննդյան և զարգացման գործում, ինչպիսիք են Կորեայի Հանրապետությունը, Վիետնամը, Հնդկաստանը, Հունաստանը (որը Ռուսաստանը ազատագրեց թուրքերից 1821 թվականին), Ալժիրը, Կուբան, Իսրայելը, Անգոլան, Մոզամբիկը և այլն...
Սա այն տարօրինակ «ագրեսիան» է, որը պատմականորեն դրսևորվել է ռուսների կողմից։
Ռուսաստան երկրի նշանակալի մասնակցության շնորհիվ անգամ Շվեյցարիան ձեռք բերեց իր անկախությունը Ֆրանսիայից։ Իսկ ավելի ստույգ՝ դա արվեց Սուվորովի շնորհիվ (217 տարի առաջ):
Ներքոհիշյալ պատմական իրադարձությունները նույնպես Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցան.
– Ավստրիայի ազատագրումը Երրորդ Ռայխից 1945 թվականին։
– Չեխոսլովակիայի ազատագրումը Երրորդ Ռայխից 1945 թվականին։
– Եկատերինա II-ի 1780 թվականի դիրքորոշումն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին աջակցելը՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պայքարում։
– Ստալինի դիրքորոշումը՝ Միացյալ Նահանգների և Անգլիայի հետ բանակցություններում, որի արդյունքում Գերմանիան կարողացավ պահպանել իր ինքնիշխանությունը 1945 թվականի պարտությունից հետո...
– Գորբաչովի դիրքորոշումը, որը թույլ տվեց երկու Գերմանիաների վերամիավորումը 1990 թվականին՝ առանց խնդիրների։
– ԽՍՀՄ-ի օգնությունը Եգիպտոսին, որից հետո երկիրը կարողացավ դիմադրել, պահպանել և ամրապնդել իր անկախությունը՝ Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ 1956-57 թվականների պատերազմում։
– ԽՍՀՄ-ի միջամտությունը 1967 թվականին, որը դադարեցրեց Իսրայելի և Եգիպտոսի միջև պատերազմը և գործնականում փրկեց արաբներին պարտությունից: Նույն հովանավորչությամբ հանդես եկավ 1974 թվականի պատերազմում։
– ԽՍՀՄ-ի վճռորոշ դերը Անգոլայի անկախության ապահովման գործում 1975 թվականին։
Ու վերջապես ամենակարևորը. Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակից հետո ԽՍՀՄ-ն էր, որ վճռորոշ դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի գաղութների մեծ մասի անկախություն ձեռք բերելու գործում»:
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ